Բլոգի էջերը դիտել են

Հանելուկներ 5-10 տարեկան երեխաների համար


Հագնում է կանաչ ու շքեղ շորեր

Եվ զարդարում է հողագունդը մեր,

Զարթոնք է բերում սարին ու դաշտին՝

Զուգում, պճնում է անտառ ու այգի:

                                          /Գարուն/

***

Հագած ճերմակ, շքեղ բաճկոն՝

Զարդարում է ձեր երեկոն,

Ո՞վ է հյուրը այդ ցանկալի,

Որ բերում է ձեզ նոր տարի:

                                  /Ձմեռ Պապ/

***

Ձմեռվա ցրտին՝ շրջում է տխուր,

Փշրանք տեսնելիս՝ ճտճտում-պարում,

Ո՞ր հագքն է, գիտե՞ս, տխուր ոստոստում,

Կանաչ գարուն է անվերջ երազում:

                                      /Ճնճղուկ/

***

Երբ դնում ենք, կտրատում,

Մանրիկ-մանրիկ մասնատում,

Լացացնում է ինձ ու քեզ,

Անունն ասա, թե գիտես:

                                     /Սոխ/

               

***

Ի՞նչն է ջերմորեն մեզ տաքացնում

Եվ քուն է մտնում մինչև իրիկուն,

Իսկ երբ գիշերն է դռները թակում,

նորից մեզ իր տաք գիրկն է ընդունում:

                                                 /Անկողին/

***

Ի՞նչ ջուլհակ է. մանում, հինում,

Գործում է, բայց սեղան չի դրվի,

Կլոր մարմնով, ծուռ-ծուռ ոտքերով,

Կտավ է հյուսում միշտ նույն զարդերով:

                                            /Սարդ/

***

Անսահման թանկ է՝ փողով չի գնվի,

Ուտելիք է, բայց սեղան չի դրվի,

Կյանքով կյանք տվող մեղրանուշ նեկտար՝

Սուրբ է և շատ թանկ բոլորիս համար:

                                          /Մայրական կաթ/

***

 Ի՞նչն ենք դուրս հանում տնից ու բակից,

Մաքրում, տանում ենք մեր ոտքի տակից,

Նա պետք չի գալիս իր դուրս հանողին՝

 Խառնվում է միշտ ավազ ու հողին:

                                           /Աղբ/                                            

***

Ճիշտ մտածիր, արդյոք գիտե՞ս,

Ի՞նչն է զուգում ու պճնում մեզ,

Երբ այն չկա, շատ ես նեղվում՝

Ամանչում ես ու սրտնեղում:

                                          /Զգեստ/

***

Ուր որ գնում ես՝ ինքն է քեզ տանում,

Սար բարձրանալիս՝ դու ես վեր հանում,

Վազող գործիք է, ունի ղեկ ու սանձ,

Ինչպե՞ս են կոչում բոլորը նրան:

                                               /Հեծանիվ/

***

Աղմկում է, ծափ տալիս,

Առաջ վազում՝ հետ գալիս,

Շոյում է քար ու ավազ,

Հետ է փախչում վազեվազ:

                                     /Ալիք/

***

Վրան ունի թավ մուշտակ,

Կաթնաղբյուրը՝ կրծքի տակ,

Պարգևում է մթերքներ՝

Բուրդ ու բարիք, կաթ ու սեր:

                                /Ոչխար/

***

Թե որ մի հարցում դու դժվարանաս,

Քո չիմացածը իսկույն կիմանաս,

Իմացիր, ի՞նչ ընկեր է նա.

Թե ցանկանաս, խորհուրդ կտա:

                                           /՝Բառարան-հանրագիտարան/

***

Չիմացած բանը քեզ կուսուցանի,

Գուշակիր՝ ի՞նչն է այնքան պիտանի,

Որի օգնությամբ շատ բան կիմանաս,

եթե նրա հետ դու մտերմանաս:

                                         /Բառարան-զրուցարան/

***

Կանաչ ու ծփան, անթիվ եղբայրներ,

Թարմացնում են միշտ մթնոլորտը մեր,

Ե՛վ գիրք են դառնում, և՛ կահույք, և՛ տուն,

Մեծ բարեկամ են աշխարհին, մարդուն:

                                                /Անտառ/

***

Ի՞նչն է՝ լռակյաց նստած մեր տան մեջ,

Տան տաք ու սառն է ցույց տալիս անվերջ,

Եվ, իր ցուցումին մենք հետևելով,

Զգուշանում ենք, ելնում մուշտակով:

                                                 /Ջերմաչափ/

***

Երեսունվեց քաջ, արի եղբայրներ

Մեր ուղեցույցն են բյուրավոր դարեր,

Ծաղիկ են դառնում, բացվում մեր շուրթին՝

Մենք փոխանցում ենք մեր սերունդներին:

                                           /Մաշտոցյան այբուբեն/

***

Հազարածալ, հազար թերթիկ՝

Ունի անհուն խորհուրդ ու միտք,

Ով որ նրան ձեռքն է առնում,

Միտքը լույսով է զարդարվում:

                                             /Գիրք/

***

Այն ի՞նչ իր է՝ դրված տան մեջ,

Որ պատկերդ ես տեսնում իր մեջ:

                                          /Հայելի/

***

Պոչը թավիշ ու երկար,

Շրջում է լեռ, դաշտ ու սար,

Սրտում վախ կա ու մեծ ցավ՝

Երազում է թառ ու հավ:

                              /Աղվես/

***

Բազմանում է առվի ափին՝

Հարյուր շապիկ իր հագին,

Ջուր է սիրում ձիու պես,

Ի՞նչն է, ասա, թե գիտես:

                          /Կաղամբ/

***

Երեսուներկու ժիր եղբայրներ՝

Տրորում են սնունդը մեր,

Կարծր են, ճերմակ, թե գուշակես,

Նրանց ինչպե՞ս կանվանես:

                                      /Ատամ/

***

Հատի առ հատիկ երբ հողն ենք դնում,

Նա բազմանում է ու տուն է դառնում,

Դառնում է բարիք մարդկության համար,

Կյանք է առնում միշտ քրտինքից արդար:

                                                     /Սերմ-բերք/

***

Մեծ ցնցուղ է՝ ջուրը առատ,

Եվ ջրում է աշխարհն արար,

Չի ստեղծվում մարդու ձեռքով,

Դաշտն է լցնում առատ բերքով:

                                       /Անձրևաբեր ամպ/

***

Շրջում է տանն ու բակում՝

Բեղը սրած մուկ բռնում,

Պոչը երկար, թավամազ,

Քայլը՝ քնքուշ, նազենազ:

                                 /Կատու/

***

Մի նյութ գիտեմ՝ կարծր ու ամուր,

Տաքացնելիս՝ դառնում է ջուր:

                                         /Սառույց/

***

Հայրը՝ լոյս է՝ շիթ առ շիթ,

Մայրը՝ ջուր է՝ ջինջ, վճիտ,

Գիտեք որդուն՝ յոթնալար,

Որ ձգվում է սարից սար:

                                      /Ծիածան/

***

Ծնվում է նա հրից, ջրից,

Մեզ ժպտում է հորիզոնից՝

Ունի աղեղ յոթնալար՝

Կամրջում է դաշտ ու սար:

                                /Ծիածան/

***

Թեև չենք տեսնում ու չենք շոշափում,

Բայց նրանով ենք ապրում ու ծնչում,

Իմացիր, ի՞նչ է անունը նրա՝

Անչափ կարևոր աշխարհի վրա:

                                            /Օդ/

***

Մարդուն մոտիկ ու մտերիմ՝

Կենդանի է հավատարիմ,

Հսկում է նա փարախ ու բակ,

Չի ընդունում ոչ մի կաշառք:

                                        /Շուն/

***

Ժայռի տակից դուրս կգամ,

Շրջապատիս կյանք կտամ

Ու, երգելով մեղմօրոր,

Վերից կիջնեմ դեպի ձոր:

                                 /Աղբյուր/

***

Իմ խելամիտ, ժիր բարեկամ,

Ի՞նչ կանվանես արդյոք նրան,

Օգնում է նա տատիկներին,

Երբ դիմում են ասեղ-թելին:

                                    /Ակնոց/

***

Մեզ հետ բնավ չի խոսում,

Բայց իր կամքն է մեզ ասում,

Նա է գործի դնում մեզ՝

Անունն ասա, թե գիտես:

                            /Ուղեղ/

***

Փափկամարմին, փափկամորթ,

Ոչ միջատ է, ոչ էլ որդ,

Ոչ թե նվաստ մի բրուտ

Ճարտարապետ է հմուտ:

Տուն է շինում բազմահարկ՝

Փայլփլուն ու միամուտք,

Ու տունն առած շալակին՝

Մագլցում է ծառ ու թուփ:

   

                   /Խխունջ/

***

Գուշակիր՝ ի՞նչ է, փոքրիկ ու բարակ,

Գարնանն ենք նրան թողնում հողի տակ,

Երբ մեծանում է ու հասակ առնում,

Եվ միրգ է տալիս, և շվաք անում:



                                /Ծառ/

***

Մտքերի, խոհի մառանն է նա,

Ի՞նչ է, գուշակիր անունը նրա,

Վերևում ունի մանրիկ խիտ անտառ՝

Ներևում՝ խոսքեր, ծաղկող բան ու բառ:



                                   /Գլուխ/


0 Մեկնաբանություներ:

Отправить комментарий